ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի՛ մասնատեք մեռյալներին

Մի՛ մասնատեք մեռյալներին
21.04.2009 | 00:00

«ԻՆՉՈ՞Ւ ԱՊՇԱԾ ԵՍ, ԼՃԱԿ»,
«60-ականների սկզբին հայերը նախաձեռնեցին Պետրոս Դուրյանի դիմանկարի վերականգնումը, քանի որ նրանից լուսանկար չէր պահպանվել: Հայ մեծ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը գանգի հիման վրա կարողանում էր վերականգնել դիմագծերը: Այդ ժամանակ ինչ-ինչ ճանապարհներով Դուրյանի գանգը տեղափոխվեց Հայաստան, և Ճաղարյանը վերականգնելով դիմագծերը` ստեղծեց նրա դիմանկարը: Այնուհետև Պետրոս Դուրյանի գանգը պահ տրվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, ուր և գտնվում է մինչև այսօր: 2007-ի օգոստոսին ես գրավոր դիմեցի մշակույթի նախարարություն` խնդրելով որպես հայի, քրիստոնյայի, հանճարեղ բանաստեղծի` նրա աճյունի մասունքը հանձնել հողին և առաջարկեցի ստեղծել կառավարական հանձնաժողով, հայտարարել դուրյանական ընթերցանության շաբաթ և մեծ բանաստեղծի գանգը հանձնել հողին ազգային պանթեոնում: Մշակույթի նախարարությունից իմ դիմումն ուղարկվեց Հայաստանի գրողների միություն, գրականության ինստիտուտ, ստացված պատասխանները հավաստում էին, որ, այո՛, մենք պարտավոր ենք իբրև հայ և քրիստոնյա հողին հանձնել Դուրյանի գանգը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ որոշակի ժամանակ խնդրեց, որ դիմի կառավարություն` հարցի լուծման համար և նախարարության աշխատակից Կարո Վարդանյանին հանձնարարեց զբաղվել այդ հարցով: Կարո Վարդանյանի հետ հետագա հանդիպումներից պարզ դարձավ, որ դիմումը ներկայացվել է արդեն թվարկածս կառույցներին, նաև` քաղաքապետարան` հուղարկավորության և դամբանաքարի ծախսերի հաշվարկման նպատակով: 2008-ի մայիսին արդեն խոստացան հուղարկավորումը կազմակերպել, հետո ժամկետները տեղափոխվեցին տարբեր պատճառաբանություններով` հուշարձանի գին պիտի հաշվարկվի, մրցույթ պիտի հայտարարվի և այլն, և այլն։ Թերթերում արդեն այս ամենի մասին մի քանի հրապարակումներ եղել են: Բայց` ոչինչ ավելին, վերջերս նորից զանգահարեցի պարոն Վարդանյանին և, ի զարմանս ինձ, լսեցի` Թուրքիայի հետ գնալ-գալ կա, զբոսաշրջիկների խմբեր են գնում-գալիս, գուցե նրանց հետ գանգը ուղարկենք Թուրքիա` մարմնի հետ վերաթաղեն: Ես ապշած էի` ինչպե՞ս, մասունքը նորից ուղարկենք Թուրքիա՞։ Առարկությունը մեկն էր` իբրև քրիստոնյա ինչպե՞ս եք պատկերացնում` մարմինը մի տեղ թաղվի, գանգը` մի տեղ։ Ես նրան հիշեցրի, որ շատ քրիստոնեական սրբերի մասունքներ տարբեր տեղերում են` Հովհաննես Մկրտչի գանգը Մշո Սուլթան Սուրբ Կարապետում է թաղված, ծնոտը` Գանձասարի խորանում, Գրիգոր Լուսավորչի աջը թանգարանում է: Դուրյանը, իհարկե, սուրբ չէ, բայց հոգևոր մշակույթում սրբազնագույն այրերից մեկն է, և ճիշտ է, որ նրա մասունքը թաղվի Երևանում, պանթեոնում: Հարցը մինչև հիմա լուծված չէ` պիտի քննարկվի շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այս պատասխաններն ու պատճառաբանությունները համարում եմ անհեթեթ և պահանջում եմ հարցի լուծում», «Կենաց տուն» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի խոսքն է:
Պետրոս Դուրյանի գանգը:
Հովհաննես Թումանյանի սիրտը:
Պարույր Սևակի սիրտը:
Եղիշե Չարենցի գանգը, եթե, իհարկե, գտնված կմախքը, իրոք, նրանն է:
Հովհաննես Շիրազի սիրտը:
Վիրաբույժ, անատոմ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդով 1972 թ. վերականգնել է Պետրոս Դուրյանի դեմքը: Գանգերի հիման վրա պրոֆեսորը վերականգնել է նաև խուռիական, ուրարտական և Շենգավիթի 6000 տարվա բնիկների դեմքերը:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը Խաչիկ Ստամբոլցյանի դիմումը ներկայացրել է նախարարին, և նրա համաձայնությամբ ու հանձնարարությամբ շահագրգիռ կողմերի հետ` գրողների միության, գրականության և արվեստի թանգարանի, Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, հարցը քննարկվելու է, կայացված որոշումը ներկայացվելու է հանրապետության վարչապետին կամ նախագահին: Նա ևս կողմնակից է հարցի արագ լուծմանը, բայց` պատճառաբանված ու հիմնավորված: Կարո Վարդանյանը զբոսաշրջիկների մասին լսեց զարմանքով:
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծում է, որ եթե Պետրոս Դուրյանի գերեզմանը Պոլսում պահվում է, չի ավերվել, եթե ուղղակի խորհրդանիշ չէ, նրա մասունքը պետք է վերադարձնել այնտեղ, ուր հուղարկավորվել է մարմինը, իսկ եթե գերեզմանն ավերված է, ուղղակի խորհրդանիշ է, մասունքը կարող ենք վերաթաղել Երևանում` Պանթեոնում: Պարոն Անանյանն ընդհանրապես սկզբունքորեն դեմ է մահից հետո մարմնի անդամատմանն ու վերահուղարկավորումներին` համարելով, որ աշխարհում մեզնից վեր ու մեզնից դուրս իրողություններ կան, որոնց հետ պետք է հաշվի նստել:
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը կարծում է, որ 1969-ին Շնորհք պատրիարքը բերել է Պետրոս Դուրյանի գանգը` հնարավորություն ստեղծելով վերականգնել բանաստեղծի դեմքն ու դիմանկարը, ինչ չի արվել կենդանության օրոք: «Ինչո՞ւ գանգը տանել Պոլիս, երբ կարող ենք Երևանում հուղարկավորել: Բանաստեղծի գանգն արդեն համարյա 40 տարի մեր թանգարանում է, ես տասը տարի շարունակ հարցը բարձրացրել եմ ու սպասում եմ լուծման: Քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, գրողների միությունը, գրականության ինստիտուտն այն կազմակերպություններն են, որոնց ներկայացուցիչների հետ առաջիկա շաբաթում խորհրդակցություն է հրավիրվելու»: Պարոն Բախչինյանը հաստատեց, որ թեև Պոլսում ճանապարհի շինարարության նպատակով 70-ական թթ. Պետրոս Դուրյանի գերեզմանը տեղափոխվել է, այժմ գտնվում է բարենորոգ վիճակում:
Ինչ վերաբերում է սրբերի մասունքների` տարբեր վայրերում պահվելուն, ապա չմոռանանք, որ մենք հազարամյակների պատմության հետ գործ ունենք, և քրիստոնեության վաղ շրջանում սրբերի վարքերի մեջ կան նաև հիշատակություններ, որ դեռ չմահացած` ջերմեռանդ հավատացյալները նրանց մասունքները ձեռք բերելու փորձեր են արել: Հավատանք ու անցնենք առաջ: Գերեզմանի կարգում հաստատված է, որ հանգուցյալի մարմինն ամբողջապես է հուղարկավորվում և առանձին անդամների արարողություններ չեն լինում: Գերեզմանի կարգը չի նախատեսում տարբեր մարմնամասերի հետ ինչ անել, որովհետև ուղղակի չի նախատեսում նման իրողություն: Բայց եթե նման իրավիճակներ են ստեղծվում, պետք է առանձին քննարկել` ըստ քրիստոնեության ուսմունքի: Հարություն առած Հիսուս Քրիստոսի օրինակը վկայում է, որ հարություն առնելու ենք բոլորս, պատկերացնո՞ւմ եք` անսիրտ, անգլուխ, կիսատված մարմինների սարսափը...
Դպրոցական տարիներին դասարանով մեզ տարել էին Հովհաննես Թումանյանի թանգարան, էքսկուրսիան հրաշալի էր` բանաստեղծի սենյակը, անձնական իրերը, գրքերը, հերոսները... Բայց երբ տարան մի սենյակ ու խորհրդավոր կիսախավարի մեջ էլ ասացին` «Երեխաներ, սա էլ Ամենայն հայոց բանաստեղծի սիրտն է», ու միացրին մետրանոմը, որ վերարտադրում է սրտի զարկերը... սարսափիս սահման չկար... Դեռ մի քանի օր աչքիս առաջ սափորն էր, ականջներիս մեջ էլ` սրտի տրոփյունը... Ինչո՞ւ վախեցա` ինքս էլ չգիտեմ, թերևս բնազդով զգացի, որ ինչ-որ սխալ է կատարվել տարիներ առաջ ու... չի ուղղվում: Հետո, երբ տասնամյակներ անց Թբիլիսիում Թումանյանի շիրմին ծաղիկներ էի դնում, չգիտեմ ինչու ու չգիտեմ ում կողմից, ներողություն խնդրեցի նրանից` սրտի համար, որ իր հետ չէ:
Ես հիմա էլ չեմ կարող բացատրել` ինչո՞ւ, բայց վստահ եմ, որ ինչ նպատակով էլ արված լինի, ահավոր ու քստմնելի է դիակապտությունն ընդհանրապես, նշանավոր մարդկանց անդամատումն ուղղակի աններելի է: Նրանց հոգին հանգստություն չունի` սրանում ևս վստահ եմ: Չի կարելի այդպես վարվել Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված արարածների հետ: Մարդուն տրված չէ մահից հետո տիրապետել իր մարմնի ճակատագրին, բայց նրա հոգին հաստատապես տանջվում է մարմնի անամբողջականությունից: Եվ եթե իսկապես 1708 տարի առաջ քրիստոնեությունը ոչ թե հռչակել ենք պետական կրոն, այլ ընդունել ենք, պիտի քրիստոնեավայել պահենք մեզ: Աստվածաշունչը պատմության մատյան չէ, այլ գոյության:
Ես չգիտեմ` առաջիկա խորհրդակցության ժամանակ ինչ կորոշեն գրականության, մշակույթի, եկեղեցու ներկայացուցիչները, բայց, կարծում եմ, անհրաժեշտ է հարցի լուծմանը Պոլսի հայ համայնքի, Պոլսո պատրիարքարանի ներկայացուցչի մասնակցությունը կամ գոնե նրանց ներգրավումը հարցի քննարկմանն ու լուծմանը: Հայ գրականության հանճարեղ պատանու կյանքն անցել է Պոլսում, և Պոլսում է նա հուղարկավորվել: Իսկ Պոլիսը հանգամանքների բերումով հայ մշակույթի, հայոց պատմության անկրկնելի ու անփոփոխելի մասն է` ոչ միայն անցյալ դարերում ու անցյալում, նաև հիմա` այնտեղ ապրող հայերով ու այնտեղ ապրած հայերի շիրիմներով, մշակույթի ու ճարտարապետության հուշարձաններով: Անմիջական ժառանգ Դուրյանը չի ունեցել, մերձավորներից ո՞վ է մնացել` ես չգիտեմ: Որտե՞ղ հուղարկավորել հանգամանքների բերումով կմախքից անդամատված գանգը` պետք է որոշել Պոլսի հայ համայնքի հետ համատեղ: Եվ պետք չէ հայ ու այլազգի նախադեպերին հղում անել: Ի դեպ` աճյունադարձության կամ մասունքների վերահուղարկավորումների պատմության մեջ էլ կարծես հայերս միակն ենք աշխարհում: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի, եթե հայերիս օրինակին հետևեն մյուս ժողովուրդները, որոնց զավակները ևս հանգամանքների բերումով հայրենիքում չեն մահացել ու հուղարկավորվել: Նույնիսկ եթե Վիլյամ Սարոյանի օրինակով` իրենք են կտակել իրենց աճյունը հայրենիք վերադարձնել:
Սխալ է եղել: Սխալների շտկումը ևս պետք է դառնա նախադեպ: Հայ քրիստոնյային վայել ապրած կյանքը բավարար հիմք է մահից հետո էլ քրիստոնյային վայել հուղարկավորում ու, որքան էլ արտառոց հնչի, հետմահու կյանք ունենալու համար: Հարցը վիճելի է, տեսակետներն ու հիմնավորումները` ներհակ, բայց որոշումը մեկը պիտի լինի, մեկը և վերջնական: Մեկը և անխոցելի` մարդկանց ու Աստծո առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. -Խոստացված քննարկմանը և որոշմանը անպայման տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ